Հայաստանի ազգային փոքրամասնությունները խորհրդարանում ներկայացուցիչների կարիք չունեն: Դրա փոխարեն ավելի ճիշտ կլիներ ներկայացուցիչներ ունենալ մշակույթի, կրթության եւ գիտության նախարարություններում, ինչպես նաեւ ուժային կառույցներում: Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել   Հայաստանի հանրային ռադիոյի եզդիների համար հաղորդման խմբագիր Հասան Թամոյանը:  

Նրա խոսքով, Հայաստանում ազգային փոքրամասնություններն այսօր բավականաչափ պաշտպանված են եւ չունեն այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ լիներ լուծել օրենսդրական մակարդակով, իսկ եթե նման խնդիրներ լինեին էլ, խորհրդարանում մեկ ներկայացուցիչը հազիվ թե կարողանար որեւէ բան փոխել:  

Խոսելով Հայաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին` Հասան Թամոյանը նշել է, որ դրանք կապված են ոչ թե երկրի պետհաստատությունների հետ, այլ հենց համայնքների. եզդիների համար, օրինակ, կա ռադիոհաղորդում, դպրոցական դասագրքեր եւ շատ հնարավորություններ, որ չունեն   ազգային փոքրամասնություններն այլ երկրներում:  Այլ հարց է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հաճախ չեն կարողանում օգտվել դրանից եւ անհրաժեշտ օգուտը քաղել: 

Հայաստանի վաստակավոր արտիստ, ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւն իր հերթին նշել է, որ հազիվ թե ազգային փոքրամասնություններից որեւէ մեկը կարողանա  խորհրդարան անցնել: Չնայած ինքը դեմ չէր լինի պատգամավոր դառնալ, բայց պայմանով, որ իրեն ժողովուրդն ընտրեր: 

Նշենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, չորս ամենախոշոր ազգային փոքրամասնություններին խորհրդարանում մեկական տեղ է հատկացվել: