Թուրքիայում իրադարձություններին նախորդել են մի շարք փաստեր: Այդ մասին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը:
Հետաքրքիր փաստերի թվում քաղաքագետը նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ներողությունը ռուսաստանյան կործանիչի ոչնչացման կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնաթող թուրք քեմալական զինվորականների խմբի մաքոքային այցերը: Սակայն առավել հետաքրքիր փաստը հուլիսի 4-ին ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի ելույթի տոնն է, որում նա գրեթե սպառնում էր Էրդողանին:
«Նրանք, ովքեր փորձեցին հեղաշրջում կազմակերպել, իմ կարծիքով, չեն պատկանում քեմալականների վերոհիշյալ խմբին», - նշել է քաղաքագետը` հավելելով, որ Էրդողանի` Գյուլենին մեղադրելու փորձը նրանց կողմից դժգոհությամբ է ընդունվել:
Նրա խոսքով, դժվար է միանշանակորեն պնդել, թե որն էր Թուրքիայում իրադարձությունների նպատակը. գուցե ի սկզբանե հեղաշրջման նպատակ չէր դրվել: «Ժամանակակից Թուրքիան պառակտված է, այդ թվում` գաղափարական առումով: Ոչ իսլամը, ոչ ժողովրդավարությունը այս երկրի համար կապակցող հիմք չեն», - հիշեցրել է քաղաքագետը` նշելով, որ երկրում առկա ըմբոստության երեւույթները շարունակվում են:
«Թուրքիայի ապակայունացման միտումը գործի է դրվել, դա փաստ է», - ընդգծել է Կարինե Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի հետագա գործողություններին, քաղաքագետի խոսքով, նա տեղում չի կանգնում, իսկ ով տեղում չի կանգնում, հակված է մանեւրների տարածությունն ավելի մեծ ընկալել, քան կա իրականում: «Էրդողանն անկասկած վախեցած է եւ չարացած: Նա իմպուլսիվ մարդ է, լվի նման Պուտինից Օբամայի մոտ է թռչելու: Գուցե հաշվարկը հենց դրա վրա է արված», - ամփոփել է Կարինե Գեւորգյանը:





























