Դեռեւս հայտնի չէ, թե ով էր հուլիսի 15-ի երեկոյան փորձում հեղաշրջում իրականացնել Թուրքիայում. մարդիկ չեն հավատում, որ դա արել են մի խումբ զինվորականներ կամ Ֆեթուլլահ Գյուլենի ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:

«Ես չեմ հավատում, որ այդ խումբն այնքան ուժ ունի բանակում, որ կարողանար նման բան կազմակերպել: Նույնը նաեւ կարող եմ ասել Գյուլենի մասին: Այս պահին հստակ տեղեկատվություն չկա, թե ով էր կանգնած այս ամենի հետեւում: Ամեն դեպքում, այս իշխանությունների այլընտրանքային տարբերակը մարդիկ տեսնում են միայն ժողովրդավարական ձեւերով»,- ասաց Ուֆուկ Ուրասը:

Ըստ քաղաքական գործչի՝ թուրք ժողովուրդը դժգոհ է Էրդողանի վարած քաղաքականությունից, սակայն հարցի լուծումը տեսնում է միայն ժողովրդավարական եղանակով. «Բնակչության մեծ մասը դեմ է հակաժողովրդավարական մեթոդներով հարցը լուծելուն: Առհասարակ, այն, ինչ արեցին այս գիշեր, այդ մարդիկ հաղթանակի հասնելու ոչ մի հնարավորություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծել ժողովրդավարական ձեւերով»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 90 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: