ՀՀ-ն չի կարողանում դիվերսիֆիկացնել իր շուկաները, որովհետեւ այնպիսի տնտեսական միության կազմում է, որը նույնպես սահմանափակումներ է ստեղծում այդ ճանապարհին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում մնացել է նախկին ԽՍՀՄ տրանսպորտային տարածքում, որը բարակ Լարսի թելով կապում է Ռուսաստանի հետ: «Բայց նաեւ աշխարհում ու մեր տարածաշրջանում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ստեղծում են նոր տրանսպորտային միջանցքներ: Եթե նախկինում այդ միջանցքները շրջանցում էին Հայաստանը, այժմ Հայաստանը կներառվի նոր ուղիներում, քանի որ փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանն այսօր չի կարողանում ինտեգրվել Վրաստանի հետ, նույնիսկ կարող է առաջանալ իրավական պատ, որովհետեւ Հայաստանը հանդիսանում է մի այնպիսի տնտեսական միության անդամ, որի իրավական կարգավորումների ռեժիմը տարբերվում է այն կարգավորումներից, որում գտնվում է Վրաստանը:

«Հայաստանը չի կարողանում դիվերսիֆիկացնել իր շուկաները, որովհետեւ այնպիսի տնտեսական միության կազմում է, որը նույնպես սահմանափակումներ է ստեղծում այդ ճանապարհին: Հայաստանը չունի լավ իրավական բազա առեւտրի առումով Վրաստանի եւ Իրանի հետ: Իրանի հետ վերջին պայմանագիրը կնքվել է 1992-ին: Այս ամենը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը մնում է բացասական, արտաքին պարտքն ավելանում է եւ մենք ծանր վիճակում ենք հայտնվել, որը ելքեր է պահանջում»,-ընդգծեց նա: