Տարածքները հանձնելու մասին ոչ մի խոսք չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ Արցախում հրավիրված քննարկման ժամանակ  հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

«Մենք՝ որպես նախկին զինվորականներ ու այդ գործում փորձ ունեցողներ, պնդում ենք, որ նույնիսկ առանց զոհերի հնարավոր է հետ վերցնել կորցրած դիրքերը կամ քիչ զոհերով, որովհետեւ մենք առանց այն էլ տվեցինք 100 զոհ եւ ձեռք բերեցինք վտանգվածություն։ Մենք պարտավոր ենք հետ վերցնել այդ դիրքերը, առաջին հերթին Թալիշի համար, քանի որ գյուղացիները չեն կարող մտնել իրենց գյուղը»,-ասաց Վահան Բադասյանը։

Ըստ նրա՝ թողնել Թալիշն այս կարգավիճակում, նշանակում է դավաճանել Թալիշին, թալիշեցիներին ու ապրիլյան զոհերին. «Մենք բոլորս դավաճանում ենք թալիշցիներին, զոհերին, սահմանին կանգնած մեր զինվորներին։ Մեր անվտանգությունը հուշում է, որ մենք պետք է հետ վերցնենք դիրրքերը»:

Բադասյանը անդրադարձել է նաեւ վերջին շրջանում  տարածքները հանձնելու վերաբերյալ  ակտիվացած լուրերին՝ նշելով. «Ճնշումները Արցախի ժողովրդի վրա շարունակվում են այն լուրերով, որ տարածքները զիջելու ենք, որպեսզի դրա փոխարեն խաղաղություն ստանան։ Պատմությունն է հուշում, որ տարածքները զիջելով՝ նման  պայմաններում ձեռք է բերվում վտանգվածություն եւ հանգեցնելու է պատերազմական վիճակի։ Ի՞նչ է նշանակում տարածքները զիջել հանուն խաղաղության։ Ադրբեջանն ամբողջությամբ է ուզում Արցախը,  ուզում է հարցին նայել տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ Միսնկի խմբի համանախագահները 1994 թվականից սկսած այլ  բան են որոշել, այնտեղ պիտի փոխվստահության մթնոլորտ լիներ, իսկ էս դեպքում վստահության մասին խոսք լինել չի կարող: Մենք չենք կարող Ադրբեջանին տարածքներ հանձնել ու ասել՝ Ադրբեջանը կարող է մեզ հետ խաղաղ ապրել։ Մենք  գտնում ենք, որ ոչ մի զիջում չպետք է լինի։ Սրանք ոչ թե ռոմանտիկ բառեր են,այլ բնական համաշխարհային մարդկության հասնկանալի  հասկացություն»։

Ըստ  նախկին պատգամավորի՝ պետք է գործի ազգերի ինքնորոշման իրավունքը, որին կողմնակից է ողջ Արցախն ու հայ ժողովուրդը։

«Այլ հարց է, որ միջազգային ատյաններում այս տեսանկյունը չեն պահպանում,սա ոչ արժանավայել կեցվածք է ՀՀ  իշխանությունների համար, էլ չեմ ասում «Հանրապետական» կուսակցության իշխանիկների ոչ համարժեք հայատարարությունները։ Այս բոլորը բերում է հասարակական համերաշխության դեգրադացման, մենք պարտավոր ենք կայուն եւ արժանավայել ազգային դիրքորոշում ընդունել ոչ միայն Արցախի հայության անվտանագության, այլ ամբողջ աշխարահսփյուռ հայ ժողովրդի անվտանգության համար»։