Բավականին ծանր գիշերից հետո Ստամբուլում նորմալ իրավիճակ է. սպասարկման կենտրոններն ու հանրային տրանսպորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:

«Սակայն երեկ Թուրքիայում պատմական գիշեր էր, երբ մարդիկ, լսելով Էրդողանի կոչը, դուրս եկան փողոց եւ տեր կանգնեցին իրենց երկրի ժողովրդավարությանը: Այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր ոչ թե Էրդողանի դիրքերի թուլության, այլ չափազանց ամրության նշան է. Թուրքիայում այսքան մեծ մասշտաբի հատուկ ծառայության, Գլխավոր շտաբի շենքերը, ռադիո- հեռուստաընկերություններն առգրավված էին, սակայն այդքանից հետո հեղաշրջման փորձի ձախողումը ոչ թե նախագահի թուլության, այլ ամրության մասին է խոսում»,- ասաց Արա Գոչունյանը:

Ըստ հայկական պարբերականի խմբագրի՝ օգոստոսին վեհագույն զինվորական ժողով պետք է գումարվեր, որի ժամանակ էլ աստիճանակարգ էր նշանակվելու եւ տարբեր զինվորականներ աշխատանքից ազատվելու էին, հենց նրանք էլ ըստ երեւույթին արել են այս ամենը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 145 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: