Թուրքիայում զինված ուժերը հուլիսի 15-ն հեղաշրջման փորձ կատարեցին՝ փորձելով տապալել նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի ռեժիմը: Ուրբաթ ուշ երեկոյան Զինված ուժերն հայտարարեցին իշխանությունը գրավելու մասին, միաժամանակ կառավարությունը հայտարարում է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է: Թուրքիայի կառավարությունը հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին, որը հերքում է իր մեղավորությունը: Գերմանական մամուլը փորձում է վերլուծել, թե ով էր կանգնած Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետեւում:

«Ով էլ որ կազմակերպած լիներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, նա թերագնահատել էր թուրք ժողովրդի վճռականությունը: Նրանք եւս մեկ անգամ զինվորական իշխանության ղեկավարության տակ ապրել չեն ուզում: Որքան էլ որ թուրք ժողովուրդը դժգոհի իշխող ռեժիմի բռնապետական կառավարումից, դժվար թե ինչ-որ մեկն ուզեր տանկերի հարեւանությամբ ապրել: Ով էլ որ պլանավորած լիներ այդ հեղաշրջման փորձը, ժողովրդի կողմից նա թույլ աջակցություն ստացավ: Էրդողանն օգտվեց այդ բացից եւ թուրքերին փողոցում մզկիթների մինարեթներից կոչ արեց օգնել պահպանել երկրի խաղաղությունը»,- գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Die Zeit-ն իր հերթին թերահավատորեն է մոտենում այն հայտարարություններին, թե հեղաշրջման հետեւում Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներն են կանգնած. «Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետեւում դժվար թե Գյուլենական շարժումը լիներ: Շարժումը Թուրքիայում այլեւս կորցրել է իր ազդեցիկ դերը երկրի քաղաքական կյանքում: Դժվար է սպառիչ պատասխաններ գտնել, թե ինչն ինչոց է, քանի որ խառը իրավիճակները միշտ շահարկումների լայն տարածություն են տալիս: Մի կողմից էլ շրջանառվում են լուրերը, թե Էրդողանն ինքն է կազմակերպել հեղաշրջումը, որպեսզի երկրում վերջապես հաստատի իր երազած նախագահական համակարգը: Քանի որ շատ թուրքեր կորցրել են կառավարության նկատմամբ վստահությունը վերջերս տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Իսկ Էրդողանը, ցույց տալով, թե ինչպես է նա ճնշում երկրում ծագած անհնազանդությունը, իրեն ի ցույց է դնում որպես պետական ուժեղ գործիչ, որը պետության ղեկին կարող է իր շուրջը համախմբել տարբեր ընդդիմադիր պատգամավորների»,- գրում է թերթը: