Հայաստանում պետք է «թասիբի բեւեռ» ստեղծվի, որը կկարողանա փոխել վիճակը: Այս մասին, Արցախում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Այսօր դանդաղ շտապելու ժամանակը չի, շտապելու ժամանակն է, ու էլի ցավոք, գոյատեւման խնդիրը դրվում է հերոսության վրա: Պետությունը չպետք է հերոսության վրա դրված լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ վիճակից, երբ բանակցություններում քննարկվում է տարածքների վերադարրձի հարցը, Իշխանյանն ասաց. «Հայաստանում պետք է ռեստարտ կատարվեր, իշխանությունները հրաժարական տային, թեկուզ ինչ-որ մեկի հետ պայմանավորվելով, բայց դա չեն անելու: Երկրի ուժեղացման հիմքը տնտեսական զարգացումն է: Անհարմար է, որ Հայաստանը 200 մլն դոլար չունի, որ զենք առնի, վարկով է առնում:
Պետք է կոռուպցիան վերացվի: Երբ խոսում ենք Բաքվի նավթի մասին, պիտի հիշենք, որ Հայաստանում հանքարդյունաբերությունում ստեղծվում է 500-600 մլն դոլար, որից բյուջե է մտնում միայն 100 մլն-ը: Պետք է ազգայնացվի հանքարդյունաբերությունը»,-ասաց նա:
Իշխանյանի խոսքով, ոչ թե պահանջող, այլ ստիպող բեւեռ պետք է լինի: Եթե չկարողանանք այդպիսի բեւեռ ստեղծել, ոչինչ չի ստացվի: «Իսկ եթե լինի նման բեւեռ, իշխանությունը կզգաստանա, կփոխվի նաեւ բանակցություններում իշխանության դիրքորոշումը, անգամ ֆորմատը: Թասիբի գցելու բեւեռ պիտի լինի, որը հզոր պետություն ստեղծելու հիմքն է, որի դեպքում Ադրբեջանի մտքով չի անցնի հարձակվել մեզ վրա»:





























