Մարդիկ ամենատարբեր իրեր են հավաքում՝ փոստային նամականիշերից մինչեւ արդուկ: Հաճախ նման օբյեկտ է դառնում նաեւ ծխախոտի տուփը: Խորհրդային տարիներին դժվարություններ կային արեւմտյան երկրների ծխախոտ ձեռք բերելու հարցում: Այդ ժամանակ Երեւանում համաշխարհային բրենդների արտադրանքի ձեռքբերման ընդհատակյա աղբյուրներից մեկը Թումանյան փողոցի վրա գտնվող հայտնի կրպակն էր: Փուրթուլ անունով հայտնի վաճառողը անիմանալի ճանապարհներով ձեռք էր բերում արտասահմանյան ծխախոտներ եւ վաճառում բավական բարձր գներով: Սակայն նա հաճախորդների պակաս չուներ: Նրանցից ոմանք սկսեցին հավաքել այնպիսի համաշխարհային բրենդների գեղեցիկ տուփերը, ինչպիսիք էին Philip Morris-ը, Marlboro-ն, Camel-ը եւ այլն:

Բայց իսկական հավաքորդներն անուշադրության չէին մատնում նաեւ հայրենական արտադրության ծխախոտները: Այդպիսի կոլեկցիոներներից մեկն էլ դարձավ Աշտարակի երբեմնի բնակիչ մասնագիտությամբ էներգետիկ, այժմ թոշակառու Վահագն Չալաբյանը: Նրա հավաքածուն հաշվվում է 2 հազար տեսակի ծխախոտով: Ընդ որում՝ ոչ թե դատարկ, այլ լիքը տուփերով: Երիտասարդ տարիներին Վահագնը հրապուրվել է փոստային նամականիշերով, ապա դրամահավաքությամբ: Սակայն մետաղադրամի եւ թղթադրամի փնտրտուքում դժվարություններ է ունեցել: Ժամանակին միութենական հանրապետություններ բազմաթիվ ծառայողական գործուղումները նրա մոտ մտահղացում են առաջացրել հավաքելու ֆիլտրով ծխախոտներ: ԽՍՀՄ տարբեր քաղաքներ ուղեւորություններից հետո նրա հավաքածուն հարստանում էր տեղի արտադրանքով: Դե իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո գործուղումները դադարեցին, այնպես որ՝ Վահագնի հավաքածուի գերակշիռ մասը թվագրվում է մինչ 90-ական թվականներով:

Նրա հավաքածուի մոտ վեցերորդ մասը հայրենական ծխախոտներ են, յուրաքանչյուր տեսակ՝ իր բոլոր փոփոխություններով: Ասենք՝ ժամանակին «էլիտար» համարվող «Ախթամար» տեղական ծխախոտը խորհրդային շրջանում արտադրվելու ընթացքում ունեցել է երկու տարատեսակ: Արդյունքում՝ հիմնային արտադրանքի հետ միասին կա այդ տեսակի ծխախոտի երեք տարբերակ: Այնպես որ՝ Վահագնը հայրենական արտադրական այդ ճյուղի բավական ներկայանալի հավաքածու ունի: Նա երազում է տեղական արտադրության ծխախոտի ցուցահանդես կազմակերպել: Իհարկե, այդ հարցում ցանկալի է տեղական ծխախոտի ֆաբրիկայների օժանդակությունը: Վերջում նշենք, որ ինքը՝ հավաքորդը չի ծխում եւ ծխողներին էլ խորհուրդ է տալիս չծխել: