Թուրքիան հեղափոխություններից շատ է տուժել եւ մենք չենք ուզում, որ այդ դժվարությունները նորից կրկնվեն: Այս մասին hurriyet-ին հայտնել է Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ անդրադառնալով նախօրեին ռազմական հեղաշրձջման փորձին:
«Մենք տեր ենք կանգնում մեր հանրապետությանը և ժողովրդավարությանը, լիարժեք պահպանում ենք մեր հավատքը: Բոլորը պետք է շատ լավ իմանան, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը ընդունում է մեր ժողովրդի ազատ կամքը, որը մեր ժողովրդավարության անկյունաքարն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Վերջին տվյալներով շուրջ 160 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:





























