Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) վճռական կեցվածք ունի եւ կտրականապես դեմ է ցանկացած հեղաշրջման: Այս մասին թուրքական Ensonhaber գործակալությանը հայտնել է կուսակցության համանախագահ Սալեհադին Դեմիրթաշը:
«Մենք դատապարտում ենք այս հեղաշրջման փորձը: Մեկ անգամ եւս նշում եմ, որ մենք դեմ ենք ամեն տեսակ հեղաշրջման փորձի: Մենք մեր երկրում, մեր հողում պետք է իրավահավասար կյանք ապահովենք: Երեկ գիշերվա հեղաշրջման փորձը ցույց է տալիս, որ Թուրքիայում դեռեւս ժողովրդավարություն գոյություն չունի. ժողովրդավարությունում հեղաշրջման փորձ չի լինում»,-ասել է Դեմիրթաշը:
Քուրդ կուսակցապետի խոսքով, նրանք, որոնք մինչեւ հիմա փողոց դուրս գալու մեր կոչերը դավաճանություն էին որակում, երեկ ազատությունը փողոցներում գտան: «Ճիշտ հասցեն փողոցներում է, այլ ոչ թե «պալատում»: Հեղափոխության դեմ փողոցում պայքարելն օրինական է: Խորհրդարանի դեմ կատարված ամեն տեսակ հարձակման դեմ ենք: Օջալանը տարիներ ի վեր սա է ասում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Վերջին տվյալներով շուրջ 160 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:





























