Թուրքիայում իրավական հետընթացն ու մահապատժի վերադարձն անընդունելի է: Այս մասին RIA Novosti-ն ասել է Amnesty International-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Ջոն Դալհուզենը:

Թուրքիայում մահապատժի վերադարձի հարցը ծագել էր հուլիսի 15-ի երեկոյան տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները կարող են մահապատիժը սահմանել օրենսդրական մակարդակով: Թուրքիայի սահմանադրական խորհուրդը կուսակցությունների հետ հուլիսի 16-ին կքննարկի այս հարցը խորհրդարանում:

Դալհուզենը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը կառավարության խնդիրն է: «Թուրքիայում հեղաշրջում կազմակերպած անձինք մոռացել էին այդ մասին: Կարեւոր է, որ նախագահ Էրդողանն ու իշխանությունները չմոռանան»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կատարվածի մեղավորների հանդեպ պետք է հետաքննություն ընթանա, սահմանվի պատժաչափ, սակայն հիմա իրավական հետընթացի ժամանակը չէ: