Թուրքիայում հուլիսի 15-ին ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջան փորձը 10-15 տարով հետ շպրտեց պետությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ստամբուլահայ լրագրող Արիս Նալչին:

«Թուրքիայի համար այս գիշեր լավ բան տեղի չունեցավ. այս դեպքը Թուրքիային 10-15 տարով հետ է մղում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով, եւ այնպես իրավիճակ ստեղծվեց ժողովրդի համար, որ պետք է ընտրել կամ Էրդողանին, կամ բանակին»,- ասաց Արիս Նալչին:

Ստամբուլահայ լրագրողի խոսքով՝ այժմ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Էրդողանի վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Վերջին տվյալներով շուրջ 200 մարդ է զոհվել, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: