ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ հուլիսի 16-ին, շարունակվել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին`ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական վերահսկողության պայմաններում պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն ու զինված ուժերի կարողությունների զարգացումն այլընտրանք չունեն:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներում ընդգծվել է, որ վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ իրականացրել են պլանային բոլոր միջոցառումները: Մանրամասն ներկայացվել եւ վերլուծվել են պաշտպանության բնագավառի տարբեր ոլորտներում ընթացող զարգացումները, հրատապ հարցերը, կարծիքներ եւ առաջարկներ են ներկայացվել նաեւ ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Զեկույցներում նշվել է, որ իրականացված աշխատանքները նպատակաուղղված են եղել զինված ուժերի մարտական պատրաստականության ամրապնդմանը, պաշտպանական կարողությունների զարգացմանը, արհեստավարժ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, կադրային քաղաքականության թափանցիկության ապահովմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինծառայողների առողջության պահպանմանը, նրանց մարտական պատրաստականության, մարտունակության եւ մասնագիտական ունակությունների բարձրացմանը:

Ամփոփելով խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունավետությունը եւ վստահություն է հայտնել, որ այսուհետ եւս զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման եւ շարունակական առաջընթացի սկզբունքներին։