Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները դավաճան են ու ահաբեկիչ: Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում, փոխանցում է RIA Novosti-ն:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կուսակցություններին ռազմական հեղաշրջումը չպաշտպանելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր ռազմական ապստամբության ժամանակ 265 զոհի մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով շուրջ 200 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: