Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո բռնաճնշումների աճ է սպասում: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Եթե նախագահ Էրդողանն ամբողջովին վերականգնել է իրավիճակի հսկողությունը, իսկ ես կարծում եմ, որ հենց այդպես է, ապա միառժամանակ հանդարտության շրջան վրա կհասնի, բայց վերջին հաշվով, հավանաբար, բռնաճնշումներ կսկսվեն: Ես ենթադրում եմ, որ որոշ զինվորականներ պատասխան կտան այն բանի համար, ինչ արել են կամ չեն արել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:

Նախնական տվյալներով 145 մարդ է զոհվել, ձերբակալվել է ավելի քան 1500 մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: