Հայտնի է, որ շատ ճանապարհորդների մոտ առաջանում է այսպես կոչված ժամային գոտիների փոփոխության համախտանիշ:  Մերիլենդի համալսարանում անցկացրած նոր հետազոտությունը պարզել է, որ որոշ դեպքերում դրանից ազատվելն ավելի բարդ է, քան մյուս դեպքերում: Ամեն բան կախված է նրանից, թե ուր է մեկնում մարդը, գրում է Science World Report-ը:

Գիտնականները մաթեմատիկական մոդելով հաշվել են, որ ժամային գոտիների հատման վրա ազդում են մարդու օրգանիզմի սպեցիֆիկ բջիջները՝ օսցիլյատոր նեյրոնները: Դրանք արձագանքում են օրգանիզմի ռիթմին: Օրվա ռիթմի տեւողությունը 24.5 ժամ է: Ժամային գոտին փոխելիս բջիջներին ժամանակ է պետք վերադասավորվելու համար: Եվ դա մեկ օր չի տեւում:

Մասնագետները պարզել են, որ երբ մարդ արեւմուտք է մեկնում եւ հատում է 3 ժամային գոտի, այդ ռիթմի վերականգնման համար առնվազն 4 օր է պետք: 6 ժամային գոտի հատելիս պետք է 6 օր, 9 ժամային գոտի հատելիս՝ 8 օրից պակաս: Սակայն արեւելք ճանապարհորդելիս այլ կերպ է: Եթե մարդ հատում է 3 ժամային գոտի, նա վերականգնվում է 9 օրից ավելի: 6 ժամային գոտի հատելիս վերականգնումը տեւում է ավելի քան 8 օր, իսկ 9 գոտու դեպքում՝ 12 օր: