Ոստիկանության Էրեբունու  բաժնի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն որեւէ գործողություն առայժմ ձեռնարկվել։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանները դեռ կանգնած են իրենց դիրքերում, տեղում պարբերաբար նոր զրահատեխնիկա է բերվում։ Մեր թղթակցի փոխանցմամբ, ոստիկանները տարհանել են անմիջապես ոստիկանության բաժնի մոտ գտնվող մի քանի տները։ Իրավապահները նաեւ արգելում են լրագրողներին՝ մոտենալ շենքին եւ նկարահանումներ իրականացնել։

Նշենք, որ ըստ ԱԱԾ հայտարարության, այսօր՝ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: «Մեկ ոստիկան զոհվել է, եւս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ»,- ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

Վիրավորներ կան նաեւ զինված խմբի կազմում։

Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է: