Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետեւում է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Կարեւորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին եւ սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց:
Կարեւորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական եւ համակարգված տեղեկությունների մատուցումը:
Մարդու կյանքը եւ առողջությունը բարձրագույն արժեքներ են: Բռնության ցանկացած դրսեւորում կամ դրա սպառնալիք ոտնձգություն է այդ արժեքների դեմ եւ դատապարտելի է: Այդպիսի երեւույթները հանգեցնում են ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյական ծանր հետեւանքների»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:





























