Մի խումբ ամերիկացի հետազոտողներ ներկայացրել են մարդկության կործանման առավել հավանական վարկածները, հայտնում է Science ամսագիրը: Գիտնականների կարծիքով «աշխարհի վերջը» կարող է պատահել երեք պատճառներով՝ հրաբուխի ժայթքման, արեւային ակտիվության ու աստերոիդի հետ բախվելու:
Առաջին վարկածի համաձայն՝ սուպերհրաբուխի ժայթքման հետեւանքով մայրցամաքները կծածկվեն մոխրի մեկ մետրանոց շերտով, կաղտոտվեն ջրատարները, կկործանվեն բույսերը:
Երկրորդ վարկածով՝ մարդկությանը սպառնում է Արեւի ակտիվությունով պայմանավորված՝ բարձրէներգետիկ մասնիկների հզոր հոսք: Գիտնականները համարում են, որ դրա հետեւանքով աշխարհը կարող է մթության մեջ հայտնվել ու կործանվել:
Երրորդ սցենարը աստերոիդի հետ բախվելն է, որը նույնպես պակաս վտանգավոր չէ: Ըստ հաշվարկների ՝ եթե մեկ կիլոմետր տրամագծով երկնային մարմին ընկնի Երկրի վրա, կառաջանան փոշու ամպեր, որոնք մոլորակին մի քանի ամսով կզրկեն արեւի լույսից:
Այս երեք աղետների հետեւանքները կարելի է նվազագույնի հասցնել՝ ժամանակին քայլեր ձեռնարկելով, հուսադրում են գիտնականները:





























