Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու՝ Իրանի ծրագրերի տեսանկյունից Թուրքիան հեղաշրջման փորձից հետո զիջեց իր դիրքերը, փոխարենը ամրացան Հայաստանի դիրքերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Վարդան Ոսկանյանը:

«Մեր մրցակիցներից մեկը տարածաշրջանում լրջորեն զիջեց իր դիրքերը եւ, բնական է, որ այդ առումով մեր դիրքերն ավելի ամուր են: Հայաստանը մնում է Իրանի համար առանցքային նշանակության՝ իր ծրագրերը իրականացնելու առումով: Մինչ այս էլ իրանցիների համար վտանգավոր էր,  բեռնափոխադրումների խնդիր էին ունենում Թուրքիայում: Իսկ հիմա ակնհայտ է, որ այդ երկիրը մեկ գիշերվա մեջ կարող է հայտնվել անհայտ է, թե ում իշխանության տակ եւ այդտեղ խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելը բոլոր խաղացողների համար մեծ ռիսկի տարր է պարունակում»,- ասաց  իրանագետը:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Թուրքիան այսուհետեւ կարելի է բնութագրել ՝ «վտանգավոր» բառով:

«Բանակը կարող է առանց որեւէ պետական բարձրաստիճան մարմինների տեղեկատվության ինքնաթիռներ օդ բարձրացնել: Թուրքիայի հարեւանների համար դա բավական վտանգավոր ազդակ է, ոչ ոք չի կարող բացառել, որ նման դեպքերը չեն կրկնվի եւ որ որեւէ խելագար գեներալ հրաման չի արձակի հատելու հայ-թուրքական սահմանը, թուրք-հունական, թուրք-իրանական սահմանը»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ Թուրքիան կորցեց որպես գերտերություն հավակնությունների հիմքը:  

Փորձագետը նշեց, որ իր հեղաշրջման փորձից հետո թուրք հասարակությունը բաժանված է պրոէրդողանական եւ հակաէրդողանական տրամադրություններ ունեցող հատվածների:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը մի խումբ զինվորականներ Թուրքիայում հեղաշրջման փորձ արեցին, որը, սակայն, տապալվեց: Բախումների ընթացքում ավելի քան 260 մարդ է զոհվել: