ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարության հաղորդագրությունից։
«Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ եւ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։ Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարություն։ «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։ Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, 1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում եւ եւս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցում գտնվողներից 4-ը ոստիկանության աշխատակից է, մեկը՝ քաղաքացիական անձ: Նշենք, որ վերջինս ՊՊԾ զինված հարձակում գործածների խմբից Թաթուր Թամրազյանն է:





























