Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կարելի է պայմանավորել տնտեսական շահերով, ինչը մտահոգիչ գործոն է Հայաստանի համար։ Այս մասին հուլիսի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի նախկին քաղաքականությունը։ «Այսինքն՝ Հայաստանի հետ հարաբերություններն այսօրվա դրությամբ Թուրքիայի իշխանությունների համար առաջնահերթ չեն։ Իսկ հեղաշրջման փորձից հետո՝ առավել եւս։ Ես կարծում եմ, որ Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,– նշել է Մանոյանը։
Նա նշել է, որ Հայաստանին մտահոգում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը։ «Իսկ եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նորից դառնան այնպիսին, ինչպիսին եղել են նախքան խոցված օդանավը, դա մեզ համար մտահոգիչ գործոն է այն տեսակետից, որ տնտեսական հարաբերությունները կարող են դառնալ ռազմավարական համագործակցության»,– կարծիք է հայտնել Կիրո Մանոյանը։




























