Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի դատարանը սկսել է լսումները թուրք զինվորականների գործով, որոնք շաբաթ առավոտյան հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով ժամանել են Թուրքիայից, հայտնում է «Պրոտո թեման»:

Դատարանի շենք են ժամանել երեք թուրք դիվանագետներ՝ հյուպատոսարանից: Այնտեղ էր նաեւ թուրք իրավաբանը, բայց նրան թույլ չեն տվել ներս մտնել:

Ակնկալվում է, որ դատավարության ժամանակ զինվորականները կխնդրեն երեք օրով հետաձգել լսումները եւ նրանց խնդրանք կբավարարվի:

Այդուհանդերձ, դատարանի շենքի առաջ մեծ քանակության թուրք լրագրողներ են հավաքվել:

Թուրք զինվորականներին մեղադրում են ապօրինաբար ՝ առանց Հունաստանի օդային տարածքում թռչելու թույլատվության Հունաստան մտնելու մեջ: Զինվորականները հայտնում են, որ իրենք չգիտեին հեղաշրջման մասին ու միայն կատարել են ղեկավարության հրամանները, հայտնում է փաստաբան Վասիլիկի Մարինակին:

Այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահանջվելու քաղաքական ապաստան ստանալու մասին խնդրանքը ուսումնասիրելու համար, փաստաբանը պատասխանել է ՝ երեք ամիս:

Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշումը կարող է կայացվել երկու- երեք շաբաթում: Սակայն տեսաբանների կարծիքով, արտահանձնմանը կարող է խանգարել Թուրքիայում մահապատիժ մտցնելու հավանականությունը: