Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետ կապված մահապատիժը վերականգնելու՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո այդ թեմայով քննարկումներ են սկսվել նաեւ Ադրբեջանում:
Haqqin.az-ին մեկնաբանելով անսպասելիորեն թեման բարձրացնելու հարցը՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան նշել է, որ իրականացված մի շարք հանցագործություններ, հատկապես՝ երեխաների նկատմամբ, արժանի են բարձրագոյն պատժի՝ մահվան դատավճռի:
«Բայց այն, թե ինչպես են ցանկանում բարձրագույն պատիժը վերականգնել Թուրքիայում, արդարացում չունի: Դա վրեժի է նման, այլ ոչ ժողովրդավարության հաղթանակի: Այսինքն՝ թուրքական իշխանություները, առաջարկելով մահապատժի վերականգնում, ըստ էության ցանկանում են հրապարակայնորեն պատժել իրենց թշնամիներին, որպեսզի մյուսներն իրենցից վախենան: Եթե անգամ մահապատժի վերականգնման հիմքեր կան, ապա այսօր Թուրքիայում ամենեւին դրա համար հարմար պահ չէ»,- ասել է պատտգամավորը:
Իսկ ահա Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իլյաս Իսմայլովը համակարծիք է Էրդողանի հետ: Ըստ նրա՝ պետության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողների համար մահապատիժը միանգամայն իրավաչափ է:
«Խռովարարները ներման արժանի չեն: Զինվորականը պետք է Հայրենիքը պաշտպանի արտաքին ոտնձգություններից, այլ ոչ թե պետական հեղաշրջում կազմակերպի: Կարծում եմ, որ խորհրդարանը գնդակոծած, մարդկանց վրա կրակ բացած զինվորականների նկատմամբ պետք է մահապատիժ կիրառել: Կարծում եմ՝ Էրդողանն իրավացի է, իսկ թե այդ առիթով ինչ է մտածում Եվրոպան՝ իր խնդիրն է: Այնտեղ այդ պատճառով էլ ահաբեկչություններ են տեղի ունենում, քանի որ պետությունն ահաբեկիչների նկատմամբ խստություն չի ցուցաբերում»,- ասել է Իսմայլովը:





























