Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Վրաստան հնարավոր այցի ծրագիրը քննարկման փուլում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, դիվանապետի օգնական Արսեն սարկավագ Զոհրաբյանը։ Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցի վերաբերյալ հայտարարությանը։
«Հայտարարության հեղինակը չի կարող խոսել ջավախահայության եւ վիրահայության անունից։ Հարկ է, որ յուրաքանչյուրը նախ մտածի իր հեղինակության մասին, առավել եւս եթե դատողություններ պետք է կատարի Ամենայն Հայոց կաթողիկոսի հեղինակության վերաբերյալ»,- նշեց Մայր Աթոռի դիվանապետի օգնականը։
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը NEWS.am-ին ասել էր, որ Գարեգին Բ-ն պետք է այցելի վրաստան եւ լուծի գոնե մեկ հարց, հակառակ դեպքում կաթողիկոսը կկորցնի իր հեղինակությունը ջավախահայերի եւ վիրահայերի մոտ։ Թորոսյանը նշել էր նաեւ, որ վերջերս Մայր Աթոռի ներկայացուցիչը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե, արդյոք, կաթողիկոսն այցելելո՞ւ է Ջավախք։
«Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը եղել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ով ասուլիսի ժամանակ նպատակահարմար չի գտել պատասխանել հարցին, քանի որ Վեհափառի այցելությունը քննարկման փուլում է»,-ասաց սարկավագը՝ ընդգծելով, որ պատգամավորը թեմայից անտեղյակության պատճառով ոչ ճիշտ հայտարարություն է կատարել։
«Պատգամավոր նշում է, որ անհայտ է Գարեգին Բ կաթողիկոսը աշխարհի՞կ, թե՞ գործնական բնույթի այցելություն է կատարելու Վրաստան։ Մինչդեռ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցելությունները կարող են լինել հովվապետական կամ միջեկեղեցական: Որեւէ թեմայի շուրջ արտահայտվելուց առաջ, պետք է սերտել թեմայի վերաբերյալ եզրույթներն ու հասկացությունները»,- նշեց Արսեն սարկավագ Զոհրաբյանը։





























