Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի:  ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաեւ Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Բանակային զորամիավորումների եւ պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաեւ դասային որակավորման քննություններ: