Պետք են փոխադարձ զիջումներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վերլուծաբան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը: Նա կարծում է` արյունահեղությունը կանխելն այս պահին ամենաառաջին խնդիրն է:
«Եթե հանկարծ սպանվեն մարդիկ, այդ մարդկանց թաղման արարողություններին երեք հազար մարդիկ կհավաքվեն ու ամբողջը կարող է պայթեցնել իրավիճակը, այդ պատճառով արյունահեղությունը կանխելն այժմ ամենաառաջին խնդիրն է: Քանի դեռ սպառված չէ խաղաղ միջոցներով հարցը լուծելը, պետք են փոխադարձ զիջումներ»,- ասաց Արա Պապյանը: «Ես լավատես չեմ: Երեկ էլ մենք ականատես եղանք, որ տասնյակ մարդիկ ծեծվեցին: Իշխանությունը պիտի զսպի ոստիկաններին: Սա է, որ հնարավորություն կտա լարվածությունը մեղմելու»,- ասաց վերլուծաբանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նույնպես կարծում է`ուժի կիրառումը բացասական հետեւանքներ է ունենալու: «Իմ մեջ էլ մասամբ կա վատատեսություն: Եթե ուժային մեթոդ գործի, դա հարված կլինի մեր պետականությանը»,- հանդիպմանն ասաց նա: Ավետիք Իշխանյանը նշեց, որ կարծում է` նման պարագայում պետք է նախագահի խոսքը հնչի որպես բռնություն չգործադրելու երաշխիք: «Եթե երաշխիք լինի, որ ուժ չի կիրառվելու, դա կհանգստացնի ժողովրդին: Մինչեւ հիմա նախագահի խոսքը չեմ լսել: Չեմ ուզում անցնի տասը օր ու ԳՄ նիստում Շարմազանովը ասի, թե ինչ է կատարվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:





























