Իրավիճակն այնպես պետք է լուծվի, որ արյուն չթափվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով հուլիսի 17-ի «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` երկարատեւ պայքար է սպասվում, օպերատիվ վիճակն այնպես պետք է լուծվի, որ արյուն չթափվի: Պատանդները, ըստ նրա, պահվում են անվտանգության համար: «Պետք չի ընկել սար ու ձոր, եթե պահում են նրանց, պահում են սեփական անվտանգության համար: Տղաները անհավասար վիճակում են հայտնվել: Եթե խնդիրը եղել է պայքարելը, ինչքան էլ ծանր լինի, եթե դուրս գան եւ հայտնվեն դատարանի առջեւ, դա էլ է հեղափոխականների պայքարի ձեւ: Միանգամից չի, որ նման գործողությունները հեղափոխությամբ են ավարտվում»,- ասաց նա:
Անդրադառնալով գնդի վրա հարձակումից հետո մարդկանց ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու դեպքերին, իրավապաշտպանը ընդգծեց, որ երկրում արտակարգ իրավիճակ հայտարարված չէ, բայց փորձում են կիրառել ավելի կոշտ գործիքներ, քան կլիներ արտակարգ իրավիճակ հայտարարված լինելու դեպքում: «Չեմ տեսնում, որ ճգնաժամային կառավարման մեթոդները օգտագործվեն, օրենքի գերակայություն լինի: Բողոքներից մեկն էլ ոստիկանության կողմից ոչ իրավական, ոչ օրինական գործիքներն են, որ կիրառվում են»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը նաեւ նշեց, որ ցանկանում է, որ հասարակական գործիչները միասին հանդիպեն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ու պահանջել պատժել վերջին օրերին բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին: «Եթե ինքն ասոմ է` չկա, մենք ասում ենք` կա, եկեք գնանք միասին, մի գործողություն անենք խոսելու փոխարեն: Ես իմ աչքով տեսել եմ այդ ծեծը, չհասցնեմ իրե՞ն»,- այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Նշենք, որ վերջին օրերին հարյուրից ավելի ակտիվիստներ են բերման ենթարկվել, որոնք ահազանգում են բռնությունների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:





























