Խնդիր կա ու այդ խնդիրը միայն իշխանության գործունեության մեջ չէ, մեր հասարակությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, մտավորական Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը: 

«Մեր հասարակությունը գնալով ավելի ագրեսիվ է դառնում: Մեր հասակության մեջ ուժի պուլտը շատ ակտիվ է, մենք փառաբանում ենք այն ուժի գործադրումը, որը 21-րդ դարում պահանջված չէ, ոչ մի արդարացում չունի: Զենքը ծնում է զենք, բռնությունը՝ բռնություն»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ մարդու կյանքը դադարել է լինել գերագույն արժեք, մենք շարժվում ենք գաղափարներով:

Ռուբեն Բաբայանի խոսքով` մենք արդեն տեսել ենք Մարտի 1 եւ Հոկտեմբերի 27 եւ պետք է թույլ չտալ կրկնություն: «Մենք սովոր ենք վերլուծելու հետեւանքները եւ ոչ պատճառները: Մենք փորձում ենք անտեսել հասարակության զարգացման օրենքները` կարծելով, որ կարող ենք դրանք ենթարկեցնել մեզ: Ինչպես եւ բոլոր, նույն ձեւով եւ ես մտահոգված ենք, որ այլեւս չլինեն զոհեր: Հուսով եմ, որ կհաջողվի հաղթահարել, բայց արդյո՞ք դրանով կվերանա հիվանդությունը»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ պետք է առաջին հերթին պատանդները ազատ արձակվեն: «Պատանդներից ազատվենք, խոսքը նոր կգնա ինքնազոհաբերության, կամուրջների մասին: Ես առաջարկել եմ, պատրաստ եմ գնալ, մտնել այնտեղ, մնալ մինչեւ վերջ` որպես կամավոր պատանդ»,- ասաց նա` նշելով, որ պետք չէ փակուղի ստեղծել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: