Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը մտադիր չէ ներողություն խնդրել համաշխարհային առաջնորդներից՝ նրանց հասցեին տհաճ մեկնաբանություններ անելու համար: Reuters-ի փոխանցմամբ, նա նաեւ պնդում է, որ իր արտահայտությունների մեծ մասը սխալ են մեկնաբանել:
Նշենք, որ նախկին լրագրող Ջոնսոնը հայտնի է իր խայթող մեկնաբանություններով: Ավելին, քննադատները նրան մեղադրում են այն բանում, որ հաճախ ոչ այնքան ճիշտ տեղեկատվություն է ներկայացրել:
Մասնավորապես, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակից Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը ԵՄ-ին հսկայական միջոցներ է հատկացնում միգրանտների համար: Սակայն պարզվել է, որ Ջոնսոնը բավական ուռճացրել է իրականությունը:
Ավելին, Ջոնսոնը հասցրել է վիրավորել համաշխարհային գրեթե բոլոր առաջնորդներին: Նա վիրավորական բանաստեղծություն է գրել Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին կոչել հոգեբուժարանի սադիստ-բուժքույր, իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինին համեմատել Հարրի Փոթերից Դոբբի էլֆի հետ: Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ:

























