Բալթիմորում տեղի բնակիչներից մեկը մեքենա վարելիս այնքան է հրապուրվել Pokemon GO խաղով, որ վթարի է ենթարկվել՝ բախվելով ոստիկանական մեքենային, հայտնում են տեղի իշխանությունները:

Ոստիկանական ավտոմեքենան կայանած է եղել Փաթերսոնի պարկի մոտ: Խաղով հրապուրված վարորդը չի նկատել այն ու բառացիորեն մխրճվել է դրա մեջ: Բարեբախտաբար մեքենայում մարդ չի եղել՝ երեք ոստիկանները կանգնած էին մոտակայքում ու վախեցել էին կատարվածի անսպասելիությունից:

Երբ իրավապահները սկսել են պարզել վթարի պատճառը, վարորդը խոստովանել է, որ պոկեմոններ էր որսում բջջային հավելվածով:

Ամերիկացին հենց ինքն էլ էր ցնցված կատարվածով ու ներողություն է խնդրել ոստիկաններից: Վթարի տեսագրությունը ոստիկանությունը հիմա օգտագործում է որպես նախազգուշացում՝ մեքենա վարելիս Pokemon GO խաղալու վտանգների մասին, հայտնում է Americaru-ն: