Հարցը քաղաքական հարթություն բերելու ու դրան քաղաքական լուծում տալու ժամանակն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Կարճ ժամանակում այս հարցի լուծումը տեսնում եմ, ուղղակի իշխանության կողմից մի փոքր քաղաքական կամք է պետք: Իշխանությունները կոշտ դիրքորոշում են որդեգրել, դա մեղմացնելու ժամանակն է: Սա քաղաքական ակցիա է, սրան պետք է տալ քաղաքական լուծում»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանը նշեց, որ ինքն իր «խղճի պարտքն է կատարում» այնտեղ գտնվելով, իր թիմակիցների հետ եկել է ոստիկանության ղեկավարության հետ խոսելու եւ ասելու, որ ժամանակն է հարցը բերել քաղաքական հարթություն, քանի որ պահը կրիտիկական է:

«Պահը շատ կրիտիկական է եւ շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ: Կարող է արյունահեղություն լինել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե այսօր ինքը իշխանությունում լիներ, կաներ այնպես, ինչպես արեց 2008թ. մարտի 1-ին. «Եթե իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ մարտի 1-ին: Ես նպատակ ունեի դա կանխելու: Երեկ տեսաք չէ՞՝ ինչ եղավ, այստեղ էլ կարող է արյուն հեղվել»: