Թուրքիայի իշխանությունները մտադիր են շարունակել ՌԴ–ի հետ համատեղ «Աքքույու» ատոմակայանի եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի շուրջ աշխատանքները։ Այս մասին ասել է Թուրքիայի  փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք դեռ հունիսին խորհրդարանում նախապատրաստել ենք օրենսդրական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ «Աքքույու» նախագիծը կզարգանա արագացված տեմպերով։  Այդ պատճառով մենք խոչընդոտներ չունենք։ Թուրքիայի շահերից է բխում ապահովել էներգակիրների դիվերսիֆիկացումը, նվազեցնել էներգիայի մեկ տեսակից կախվածությունը։ Դա մեծ նախագիծ է, եւ մենք ասել ենք, որ ռուսական կողմը կարող է այն շարունակել»,– ասել է Շիմշեքը՝ CNN Turk–ի եթերում մեկնաբանելով բանակցությունների արդյունքները։

Նա նշել է նաեւ, որ Թուրքիայի համար «Թուրքական հոսք» նախագիծը շատ կարեւոր է։

«Դրա շուրջ որոշումը կայացվել է քաղաքական կամքի հիման վրա։ Մեզ համար այդ նախագիծը կարող է կարեւոր լինել, եւ մենք բացահայտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք երկխոսության։ Որոշ որոշումներ պետք է կայացնեն առաջնորդները, իսկ մեզ մնում է տեխնիկական ենթակառուցվածքը պատրաստել»,– հավելել է փոխվարչապետը։