Բավարիայում իրագործված ահաբեկչություններից հետո կառավարությունն անվտանգության նոր հայեցակարգ է ընդունել: Բնակչությանը պաշտպանելու համար որոշվել է 2 հազարով ավելացնել ոստիկանների թիվը: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բավարիայի ՆԳ նախարարը:

Մինչեւ 2020 թվականը Բավարիայում ոստիկանության թիվը կավելացվի 2 հազարով՝ տարեկան 500 նոր աշխատակից: Կբարելավվի ոստիկանության նյութական ապահովվածությունը: Նախատեսվում է իրավապահներին զրահապատ տրանսպորտային միջոցներ տրամադրել, ժամանակակից զինատեսակներ, ինչպես նաեւ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:

Բացի այդ, հանրային վայրերում եւ գնացքներում կընդլայնվի տեսահսկման խցիկների ցանցը: Դատապարտված անձանց եւ ծայրահեղականներին կպարտավորեցնեն, այսպես կոչված, էլեկտրոնային ապարանջաններ կրել՝ նրանց տեղաշարժը վերահսկելու համար:

Կառավարության կաբինետը կրկին բարձրացրել է նաեւ միգրանտների համար տարանցիկ գոտիներ ստեղծելու հարցը, որոնց երկիր չեն թողնի, եթե ապաստան ստանալու համար հիմքեր չլինեն: