Ադրբեջանը շահարկում է Բաքվում մահացած հայ գերի Մանվել Սարիբեկյանի մարմինը հարազատներին վերադարձնելու հարցը: Այդ մասին ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուի օրերս արած հայտարարությանը, որով Սաբիրօղլուն կրկին փորձել է Ադրբեջանում «խորհրդավոր հանգամանքներում մահացած» ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին ներկայացնել որպես ՀՀ հատուկ ծառայությունների կողմից հատուկ առաջադրանքով Ադրբեջան ուղարկված դիվերսանտ: Սաբիրօղլուն կրկին հայտարարել է, թե Մ. Սարիբեկյանն ինքնասպան է եղել՝ որպես հիմնական փաստարկ նշելով, թե «հետախույզներին չեն սպանում, նրանց օգտագործում են»: Հերքելով կատարվածի համար ադրբեջանական կողմի պատասխանատվությունը` նա անհեթեթ համեմատություններ է արել, սին ենթադրություններ, ըստ որոնց` «հետախույզ» Սարիբեկյանի «ինքնասպանությունը» օրինաչափ էր: Սաբիրօղլուն հայտարարել է նաեւ, թե Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց վերաբերվում են «միջազգային կոնվենցիաների եւ մարդու իրավունքների» սկզբունքների պահպանմամբ:
«ՀՀ Պաշտպանության նախարարությունը այս առումով հարկ է համարում հիշեցնել Սաբիրօղլուին եւ Ադրբեջանի իշխանություներին, որ վերջին շրջանում ադրբեջանական մի շարք «անկախ» լրատվամիջոցներ ակնհայտ քարոզչական նպատակներով տեղեկություններ էին հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների վերաբերյալ` իբրեւ թե նրանց նկատմամբ ցուցաբերվող «մարդկային վերաբերմունքի» մասին: Վերջին՝ Մ.Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսագրությունը տարածվեց սեպտեմբերի 17-ին, որն ընդամենը հայ երիտասարդի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման եւ հատուկ միջոցների կիրառման արդյունք էր եւ ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ հնարքը: Նման քայլերով Ադրբեջանը քանիցս կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի», «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները:
Պաշտպանության նախարարությունը բազմիցս հրավիրել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա, ընդգծելով, որ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքը կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը»,- նշել են Հայաստանի ՊՆ-ից։
Հարկ ենք համարում հիշեցնել Սաբիրօղլուին նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ժնեւյան կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաեւ միջազգային իրավական այլ նորմերին, ինչպես նախկինում, այնպես էլ 2010թ. ընթացքում միակողմանիորեն Ադրբեջանին է վերադարձրել սահմանախախտներին եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմում մնացած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների դիակները:
Մասնավորապես, 2010թ. ապրիլի 3-ին միակողմանիորեն Ադրբեջանին են վերադարձվել ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի երկու անդամների դիակները: Ապրիլի 7-ին ադրբեջանական կողմին է հանձնվել ԱՀ ԶՈւ զինծառայող, սահմանախախտ Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին, ում, ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են 13 տարվա ազատազրկման: Փաստ է, որ նախկինում եւս ադրբեջանական կողմին հանձնված սահմանախախտները դատապարտվել են ազատազրկման:
Հետեւելով միջազգային օրենքներին՝ հայկական կողմը միակողմանիորեն վերադարձնում է ադրբեջանական սահմանախախտներին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Հայկական կողմը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել եւ չի ստեղծում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքների համար՝ ցանկացած ժամանակ նրանց հնարավորություն տալով հանդիպել, զրուցել, նամակներ փոխանակել ադրբեջանական սահմանախախտների հետ: Սահմանախախտների կենցաղային պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին: ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի աշխատակիցներին նույնիսկ առաջարկվել է կազմակերպել սահմանախախտների եւ նրանց հարազատների միջեւ հեռախոսազրույցներ, որին կտրականապես դեմ է եղել ադրբեջանական կողմը:
Ի տարբերություն հայկական կողմի բարի կամքի դրսեւորումներին՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցների համար՝ նվազագույնի հասցնելով ԱՀ-ում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հետ տեսակցությունները: Առ այսօր գերության մեջ գտնվողների հարազատները նամակ չեն ստացել եւ չեն կարողացել նամակ ուղարկել: Ավելին` ադրբեջանական կողմը ընդհանրապես չի թույլատրել ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկացացուցիչներին տեսակցել Մանվել Սարիբեկյանի հետ, թերեւս, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների հետքերը թաքցնելու եւ նրան մահվան հասցնելու հրեշավոր ծրագիրն իրականացնելու նպատակով: Փաստորեն, ի սկզբանե սակարկության է դրված եղել մարդկային կյանքը, հանգամանք, որը եւս, անշուշտ, միջազգային կառույցների ուշադրությանն է արժանի:
Քիչ չեն նաեւ սահմանախախտների նկատմամբ բռնությունների, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների դեպքերը: Հայտնի են դեպքեր, երբ ԱՀ հատուկ ծառայությունների աշխատակիցները հայ սահմանախախտներին ներկայացել են որպես ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ՝ համոզելով պաշտոնապես հրաժարվել Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց եւ խոստանալով ուղարկել երրորդ երկիր:
«Այժմ, ցավոք, շահարկվում է Մ.Սարիբեկյանի մարմինը հարազատներին վերադարձնելու հարցը: Ակնհայտորեն` ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ դրան կհետեւեն նրա մահվան իրական պատճառների բացահայտումները: Հուսով ենք, որ խնդիրն արդեն իսկ իրավասու ատյանների սեղանին է, եւ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքը չի ուշանա` պատժամիջոցների կիրառման հետ մեկտեղ:
Հիշեցնում ենք սաբիրօղլուներին նաեւ, որ Հայաստանում եւ Ադրբեջանում գործում են գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովներ, եւ հայկական կողմը երբեք դեմ չի եղել բանակցելուն եւ սահմանախախտների հայրենադարձման հարցերը լուծելուն»,- ասված է հայտարարության մեջ:




























