Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Թուրքիայի կառավարությանը նախազգուշացրել է մահապատժի վերադարձի հնարավոր հետեւանքների մասին։ Դա չի համապատասխանում ԵՄ հիմնական արժեքներին, ասել է նախարարը Շվերինում կայացած համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ—ը։
Նրա խոսքով՝ դա չի կարող քննարկման առարկա լինել։ Շթայնմայերը նախազգուշացրել է, որ Թուրքիայում մահապատժի վերադարձը նշանակում է վերջ Եվրամիության անդամակցության բանակցություններին։ Նա ասել է, որ մտադիր է այդ հարցը քննարկել իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ։
Շթայնմայերը Անկարային կոչ է արել պահպանել իրավական պետության սկզբունքները հեղաշրջման փորձից հետո միջոցներ ձեռնարկելիս։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, «անցնում է բոլոր սահմանները»։




























