«Հակաճգնաժամային խորհրդի» անդամ Դավիթ Սանասարյանն այսօր՝ հուլիսի 30-ի լուսադեմին ձերբակալվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Դավիթ Սանասարյանին բերման էին ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից՝ անգիտակից վիճակում գետնին քարշ տալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 60-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Ոստիկանության փոխանցմամբ բերման է ենթարկվել 165 մարդ, որից 26-ը ձերբակալվել են: Ձերբակալվածների թվում են նաեւ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: