Բաղրամյան պողոտայի սկզբնամասը մոտ երկու ժամ փակ պահած ցուցարարները քիչ առաջ բացել են պողոտան եւ հեռացել Ազատության հրապարակ: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարները նստել էին պողոտայի սկզբնամասում եւ հրաժարվում էին բացել այն: Ոստիկանությունը փշալարերով փակել էին Բաղրամյան պողոտան Սահմանադրական դատարանի հատվածում:

Ցուցարարների մոտ էին եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ակցիան սկսելուց մոտ երկու ժամ անց, երբ ցուցարարների թիվը զգալի նվազել էր, ոստիկանությունը բարձրախոսով նախազգուշացրեց, որ ակցիան ապօրինի է, հրահանգեց հեռանալ Ազատության հրապարակ, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Ցուցարարները հեռացան, իսկ ոստիկանությունն էլ բացեց պողոտան, հեռացրեց փշալարերն ու ոստիկանական արգելապատնեշը:

Ցուցարարների հեռանալուց րոպեներ հետո Երեւանում հորդառատ անձրեւ սկսեց: 

Նշենք, որ ակցիայի ընթացքում ինքնահրկիզման դեպք էր գրանցվել, մոտ 50 տարեկան մի տղամարդ բենզինը լցրել էր իրա վրա եւ այրել: Ցուցարարները մարել էին կրակը, տղամարդը տաքսի մեքենայով հեռացել էր հիվանդանոց: