«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը, որը հուլիսի 31-ին կալանավորվել եւ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պավլիկ եւ Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների կարիք ունի, որոնք առաջիկայում պետք է արվեն, վիրահատության կարիք ունի նաեւ Արամ Մանուկյանը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Արամ եւ Պավլիկ Մանուկյանները պետք է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվեն` «Էրեբունի» հիվանդանոց, քանի որ նրանք այնտեղ են վիրահատվել եւ կրկին պետք է նույն բժիշկների կողմից նույն հիվանդանոցում վիրահատվեն եւ ստանան պատշաճ բուժօգնություն:
Փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու` իր պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու համար:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի եւ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նույնպես վիրահատության կարիք ունի եւ նրան նույնպես անհրաժեշտ է բուժօգնություն քաղաքացիական հիվանդանոցում:
Նա նշեց, որ արդեն բողոքարկել է Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալներ Աշոտ Պետորսյանի եւ Հովհաննես Հարությունյանի նկատամամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը. «Ոչ մի պատճառաբանություն չի տրվել` ինչու է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Իմ պաշտպանյալներն անգամ հիվանդանոցում գտնվելու ընթացքում են եղել մեկուսացման մեջ, խիստ հսկողության տակ, որը նրանց իրավունքների կոպիտ խախտում է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։





























