Թուրքիան կխզի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ ԵՄ –ի հետ կնքած համաձայնագիրը, եթե ԵՄ-ն չազատականացնի վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն Frankfurter Allgemeine–ին տված հարցազրույցում, հայտնում է «Ինոպրեսան»:
«Դեռ 2013-ին մենք ստորագրել ենք պայմանագիր վիզային ռեժիմի ազատականացման մասին, որը կապակցվել է փախստականների վերադարձի մասին համաձայնագրի հետ: Մարտին մենք ԵՄ-ի հետ եւս մեկ պայմանագիր կնքեցինք: Այդ պայմանագրերը գործում են, բայց դրանք կախված են վիզային ռեժիմի չեղարկումից, ինչը նույնպես մարտյան պայմանավորվածությունների կետերից էր: Ես չեմ ուզում սպառնալ, բայց եթե վիզային ռեժիմը չազատականացվի՝ մենք ստիպված կլինենք հրաժարվել փախստականներին վերադարձնելու մասին մարտի 18-ին կնքված պայմանագրի կատարումից»,- ասել է Չավուշօղլուն: «Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ պայմանագրի ապագային՝ ապա մենք սպասում են վիզային ռեժիմի ազատականացման որոշակի ժամկետների հրապարակմանը: Դա կարող է լինել հոկտեմբերի սկիզբը կամ կեսերը, բայց մենք որոշակի ժամկետների ենք սպասում»,- հավելել է նախարարը:




























