Հավանականություն կա, որ Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան:
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատող կոնգրեսականները շարունակում են լրացուցիչ աջակցություն ստանալ այս հարցում:
«Ես շատ հուզված էի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան այցի ժամանակ, ծաղիկներ խոնարհեցի անմար կրակի մոտ: Ֆրեզնոյում իմ համալսարանը միակն է ԱՄՆ-ում, որտեղ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տպավորիչ հուշարձան կա: Մենք կշարունակենք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ ներկայացնել, եւ ես հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ հաջողություն կարձանագրենք»,- ընդգծեց Կոստան:




























