Բաքվի միջազգային ծովային առեւտրի նավահանգստի եւ Ղազախստանում կառուցվող նավահանգստի միջեւ բեռնափոխադրումների համար նոր շոգենավեր կշահագործվեն: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է «Բաքվի միջազգային ծովային առեւտրի նավահանգիստ» ընկերությունը:

«Ընկերության ղեկավար Թալեհ Զիյադովը հանդիպել է «Ղազախական երկաթուղիների» նախագահ Ասքար Մամինի հետ, որն այցելել է Բաքվի նոր նավահանգիստ: Զիյադովն ասել է, որ Բաքվի միջազգային ծովային առեւտրի նավահանգստով բեռների տեղափոխումն ավելի քան մեկ երրորդով աճել է՝ Բաքու-Ակտաու-Բաքու ուղղությամբ բեռնափոխադրումների հաշվին: Մամինն իր հերթին ասել է, որ Ղազախստանում Կուրիկ նոր նավահանգստի շինարարությունը դրական կազդի երկու երկրների միջեւ իրականացվող բեռնափոխադրումների վրա: Բացի այդ՝ Կուրիկում, Բաքվի նավահանգստի օրինակով, ազատ առեւտրի գոտի կստեղծվի»,- ասված է հաղորդագրությունում: