«Իսլամական պետության» հայտարարությունը «դատարկություն» է, որի հետեւում որեւէ իրական ուժ եւ հնարավորություն չկա: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ անդրադառնալով Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող ԻՊ-ի տեսահոլովակը:

«Զարմանքով հետեւում եմ, թե ինչպես են մեր երկրի լրատվամիջոցները բազմացնում այդ հայտարարությունը: Այդ ամենը նպաստում է մի բանդիտի կողմից հնչած սպառնալիքը մինչեւ հարյուր միլիոն մարդու հասցնելուն: Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ «հայտարարության» հետեւում որեւէ իրական ուժ եւ հնարավորություն չկա»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ում գրել է Կադիրովը:

Ավելի վաղ YouTube-ում 9 րոպե տեւողությամբ տեսանյութ էր հայտնվել, որում Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ են հնչում: Սա առաջին դեպքը չէ, երբ զինյալները հրապարակայնորեն հայտարարում են իրենց ագրեսիվ մտադրությունների մասին: