Երեսուն տարի առաջ Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարը Լյուքսեմբուրգի տարածքին համաչափելի տարածքն անբնակ գոտու է վերածել: Չեռնոբիլի օտարացման գոտին երկրի տնտեսությանը վերադարձնելու հնարավորությունների փնտրտուքում Ուկրաինան մտադիր է ներդրողներ ներգրավել` նպատակ ունենալով ՉԱԷԿ-ից ոչ հեռու արեւային էլեկտրակայան կառուցել, գրում է ԼԻԳԱ.net-ը` վկայակոչելով Bloomberg գործակալությանը:
Գոտում, որտեղ անհնար է եւ գյուղատնտեսության, եւ արդյունաբերության զարգացումը, հնարավոր կլինի ԱԷԿ-ից մնացած էլեկտրահաղորդագծերն օգտաագործել արեւային կայաններից էլեկտրաէներգիա մատակարարելու համար, գրում է պարբերականը` վկայակոչելով բնապահպանության նախարար Օստապ Սեմերակի հարցազրույցը, որը նա տվել է Լոնդոնում:
«Հողն այստեղ էժան է եւ մենք բավականաչափ մարդիկ ունենք, որոնք ի վիճակի են աշխատել էլեկտրակայանի սարքավորումների հետ: Չեռնոբիլյան գոտին վերականգնվող էներգիայի արտադրության լավ ներուժ ունի», - հայտնել է նա:
Նյութում ասվում է, որ ՉՕԳ-ում արեւային ռեսուրսների հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան Գերմանիայում, որտեղ արեւային պանելներն ընդհանուր առմամբ մինչեւ 39 գիգավատտ էլեկտրաէներգիա են տալիս: Ուկրաինական իշխանությունները նախատեսել են Չեռնոբիլի գոտում 1 գիգավատտ հզորությամբ կայան կառուցել, սակայն այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 1,1 մլրդ եվրո ներդրում կատարել: Առայժմ մինչեւ տարվա վերջ Գոտում չորս մեգավատտ հզորությամբ հելիոպանելներ կտեղադրվեն:
Ներկայումս տվյալ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն է դրսեւորել ամերիկյան երկու եւ կանադական չորս ընկերություն եւս: Նախնական փուլում են նաեւ բանակցությունները ՎԶԵԲ-ի հետ:




























