Հայաստանի ոստիկանությունը հուլիսի 29-ին անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ եւ հարձակում գործել ցույցը լուսաբանող լրագրողների վրա: Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ ոստիկանությունը կիրառել է ծխանռնակներ, ձայնային նռնակներ, որի հետեւանքով տասնյակ ցուցարարներ, ինչպես նաեւ լրագրողներ են վիրավորվել: Ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին ու ցուցարարներին, ինչպես նաեւ տասնյակ մարդկանց բերման են ենթարկել:
«Հուլիսի 29-ին ոստիկանների հարձակումների հետաքննությունը պետք է անցկացվի անհապաղ եւ բազմակողմանի: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգը, բայց դա նրան քարտ բլանշ չի տալիս բռնություն գործադրել այն անձանց նկատմամբ, որոնք խաղաղ հավաքվել են իրենց դիրքորոշումը արտահայտելու համար»,-հայտարարել է կազմակերպության Հարավային Կովկասի հարցերի տնօրեն Գեորգի Գոգիան:
Human Rights Watch-ում նշում են, որ իրենք խոսել են բռնությունների զոհերի եւ ականատեսների հետ: Նրանք նաեւ այցելել են հիվանդանոցներ՝ տեսակցելու մի քանի վիրավոր լրագրողների եւ ցուցարարների: Վիրավորներից մեկն ունի կտրվածքներ եւ առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ երոկւ ոտքերին: Բժիշկները նրա ոտքից հանել են էլեկտրաշոկային նռնակի 5 պլաստիկե կտորներ: Վիրավորն ի վիճակի չէր ինքնուրույն քայլել:
Ականատեսները հայտնել են, որ բազմությունը չի փորձել անցնել ոստիկանների շղթան, երբ ոստիկանությունն սկսել է հատուկ միջոցներ կիրառել: Իրադարձությունների տեսանյութը, որը դիտել են Human Rights Watch-ում, հաստատում է ականատեսների պատմածները:
Ոստիկանությունը կարող էր օրինական կերպով փորձել կանխել ցուցարարների մուտքը գրավված տարածքի մոտ գտնվող տարածք, եւ նրանք պարտավոր էին հետեւել մարդու իրավունքներին եւ հարգել ուժի կիրառման չափանիշները:
Հայտարարությունում նշվում է, որ անվտանգության ուժերը չպետք է ձայնային նռնակներ կիրառեն ուղիղ բազմության ուղղությամբ: Թեեւ այդ նռնակները համարվում են ոչ մահացու գործողության զենք, դրանց կտորները կարող են լուրջ վնասվածքներ պատճառել. «Ոստիկանությունը չպետք է խոչընդոտի լրագրողների օրինական աշխատանքը, էլ չենք խոսում իրենց աշխատանքի վայրում նրանց վրա կատարված հարձակումների եւ պատժելու մասին»»,-ընդգծել է Գոգիան:





























