Նիսում ահաբեկչական գործողությունից հետո ֆրանսիական Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտում եւ հատկապես դրա վարչական կենտրոն Մարսելում ուժեղացրել են ռազմական Sentinelle գործողությունը, հայտնում է RFI-ն:
Sentinelle հատուկ գործողության շրջանակում Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում զինվորականների թիվը 350-ից 600-ի է հասել: Նրանք կապահովեն անվտանգությունը Մարսել, Էքս-ան-Պրովանս, Առլ, Լա-Սիոտա քաղաքներում եւ Մարսել Պրովանս օդանավակայանում:
Ֆրանսիայում ոստիկաններից եւ ժանդարմներից բացի, ավելի քան երկու հազար զինվորական այս ամռանն ապահովում է անվտանգությունը: Նրանք մասնավորապես տեղակայված են զբոսաշրջիկների հոսքի գոտիներում` լողափերում, կայարաններում, որոշ առեւտրական կենտրոններում:
Տասն օր առաջ «Իսլամական պետություն» խմբավորումը տեսագրություն է հրապարակել, որում գրոհայիններն առաջին անգամ Մարսելն իրենց պոտենցիալ թիրախ են հայտարարում: Դրանից հետո Մարսելի քաղաքապետարանը դիմել է վարչապետ Մանուել Վալսին` խնդրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք առնել Մարսելի բնակիչների եւ զբոսաշրջիկների պաշտպանության համար: Իմիջիայլոց, պրեֆեկտուրայից նշել են, որ ռազմական գործողությունն ուժեղացրել են ոչ թե ԻՊ-ի հրապարակած տեսանյութի պատճառով, այլ նախ եւ առաջ` զբոսաշրջիկների նշանակալի հոսքի:





























