Թուրքիայի իշխանությունների Բրյուսելին վերջնագիր ներկայացնելու գաղափարը եւ հոկտեմբերին առանց վիզայի ռեժիմ ներդնելու պահանջն անիմաստ է: Դրանով Անկարան ինքն իրեն անկյուն է քշում. վիզան հանելու համար նա ստիպված կլինի հոկտեմբերին 72 պայմանից յոթը կատարել, այլապես Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանա ԵՄ մուտք գործել առանց վիզայի: Իսկ քանի որ երկրի իշխանություններն արդեն հայտարարել են, որ չեն կարողանա կատարել նվազագույնը մեկ պայման (հատկապես հակաահաբեկչական օրենսդրության խստացման պայմանը), իրենք են հենց նշված ժամկետում վիզայի չեղարկումն անիրատեսական դարձրել, գրում է DW-ի մեկնաբան Բերնդ Ռիգերթը:

Այսինքն՝ Անկարայի սպառնալիքներն ավելի շուտ աբսուրդի թատրոն են հիշեցնում, որը հաշվարկված է ներքաղաքական էֆեկտի համար, բայց խնդիրը չի լուծում: Ի դեպ, փոխստականների հարցով համաձայնագիրը տապալելու սպառնալիքն էլ նորություն չէ: Թուրքիան այն գործարկեց դեռեւս մայիսին, երբ ցանկանում էր ճնշում գործադրել հուլիսի 1-ից վիզային ռեժիմի ազատականացման վրա: Սակայն այդ ժամկետը սպառվեց առանց հետեւանքներ ունենալու:

Թուրքիայի իշխանությունները պետք է հասկանան, որ ԵՄ համար վիզայի հանումը ոչ թե տեխնիկական գործողություն է, այլ քաղաքական որոշում, որը կիրառվում է կոնկրետ քաղաքական ենթատեքստում: Այդպիսի քայլը հազիվ թե հնարավոր լինի համաձայնեցնել մի երկրի հետ, որտեղ արտակարգ դրություն է մտցված, եւ որի նախագահը ճնշել է խռովությունն ու այժմ կիրառում է ԵՄ ստանդարտներով անհամարժեք դաժան միջոցառումներ:

Տվյալ պահին առանց վիզայի ռեժիմը առաջին հերթին քաղաքական հաղթավար է, որը նախագահ Էրդողանը ցանկանում է պոկել Եվրամիությունից: Թուրքերի համար ԵՄ ազատ մուտքը կենաց ու մահու հարց չէ: Հարկ է ընդունել, որ վիզա ստանալու գործընթացը նրանց համար թանկ է եւ հոգնեցուցիչ, սակայն ԵՄ-ն առանց խնդիր հարուցելու բավարարում է հայտերի 90 տոկոսը: Ով ցանկանում է կամ ում անհրաժեշտ է ճանապարհորդել, նա դա կարողանում է անել:

Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագիր կնքելով՝ ԵՄ-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գիտությամբ, իրեն Անկարայից, իհրակե, որոշակի կախվածության մեջ դրեց: Հունաստանի եւ Մակեդոնիայի փակ սահմանը եւ հունական կղզիներից ետ Թուրքիա վերադարձվելու հեռանկարը որոշակիորեն վախեցրեց փախստականներին եւ միգրաննտներին, ու նրանք այլեւս չեն համարձակվում Էգեյան ծովով վտանգավոր փոխադրմանը:

Փաստացիորեն Թուրքիա է վերադարձվել միայն  մի քանի հարյուր մարդ: Նրանց մեջ հազիվ թե սիրիացիներ լինեն, քանի որ Հունաստանը շատ ավելի երկար է քննարկում ապաստան տալու միջնորդագրերը, քան նախատեսվում է մարտյան համաձայնագրով: Այսինքն՝ Թուրքիայի կողմից ԵՄ-ին կատարվող ծառայությունը ոչ թե միգրանտների զանգավածային ընդունումն է եւ ապաստան տրամադրելու միջնորդագրեր ներկայացրած այն անձանց ընդունումը, որոնք մերժվել են, այլ առաջին հերթին փախստականներին եւ միգրանտներին իր երկրի տարածքում պահելը, ինչի համար հումանիտար կազմակերպությունները Բրյուսելից գումար են ստանում, թող նախագահ Էրդողանը սա եւս հերքի:

Թուրքիան կարող էր փախստականների հարցով համաձայնագրից դուրս գալ եթե ոչ այսօր, ապա վաղը, որը ընդամենը քաղաքական հռչակագիր է, այլ ոչ թե միջազգային իրավական պայմանագիր: Ի դեպ, ԵՄ-ը՝ նույնպես: Բայց այդ դեպքում ի՞նչ տեղի կունենար: Կրկին կտրուկ կաճե՞ր Էգեյան ծովով Հունաստան ժամանող փախստականների թիվը: Դա ոչ մեկը ճշգրիտ չի կարող ասել: ԵՄ-ում որոշ փորձագետներ կարծում են, որ վախեցնող էֆեկտը կշարունակի այնքան ժամանակ գործել, քանի դեռ փակ է բալկանյան երթուղին, այսինքն՝ քանի դեռ Հունաստանից Հյուսիսային Եվրոպա տեղափոխվելն անհնար կլինի՝ ինչպես նախկինում:

Այսպիսի իրավիճակը վտանգավոր է առաջին հերթին Հունաստանի համար, քանի որ այնտեղ կարող են ավելի մեծ թվով փախստականներ կուտակվել, քան այժմ: ԵՄ անդամ մյուս երկրները դեռեւս այնքան էլ չեն ձգտում Աթենքի նման ծանրաբեռնվածությունը թեթեւացնել: Դրա ետեւում կարող է ընկած լինել այն ցինիկ հաշվարկը, թե որքան Հունաստանի գործերը վատ լինեն, այնքան դա ավելի սաստիկ կվախեցնի նոր միգրանտներին:

Եթե Թուրքիայից իսկապես ավելի մեծ թվով միգրանտներ տեղափոխվեն Հունաստան, ԵՄ-ը ստիպված կլինի, գոնե ձեւական կողմը պահելու համար, կրկին զբաղվել նրանց տեղաբաշխման վիճելի հարցով: Թուրքիայի հետ համաձայնագրի շնորհիվ Բրյուսելն ապրիլից կարողացավ դրանից խուսափել:

Իրավիճակը կարող է կտրուկ վատանալ, եթե Թուրքիայի նախագահը իրականացնի այն, ինչով դեռեւս անցյալ տարի էր սպառնում: Նա ցանկացած պահի կարող է փախստականներին ավտոբուս նստեցնել եւ նրանց ուղարկել Հունաստան կամ Բուլղարիա: Ոչ ճշմարատանմա՞ն է հնչում: Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակը՝ ոչինչ չի կարելի բացառել: