Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Արեւմուտքի երկրներին մեղադրել է «ահաբեկչությանն աջակցելու» եւ «խռովարարներին պաշտպանելու» մեջ, փոխանցում է AP-ն:
Նա նաեւ Գերմանիային քննադատել է այն բանի համար, որ դատարանն արգելել է հուլիսի 31-ին Քյոլնի հանրահավաքի մասնակիցներին իր տեսաուղերձի հեռարձակումը: Նրա խոսքով՝ Թուրքիան Գերմանային է տրանադրել ահաբեկիչների 4000 դոսյե, սակայն Գերմանիան ոչինչ չարեց, իսկ ահա դատարանը հապշտապ որոշում է կայացնում իր ելույթի դեմ, նշել է վիրավորված Էրդողանը:
Նա նաեւ դժգոհել է, որ հեղաշրջման փորձից հետո արտասահմանցի ոչ մի առաջնորդ չայցելեց Թուրքիա՝ այն դեպքում, երբ ահաբեկչական ակտերից հետո ի նշան համերաշխության այցելել են Ֆրանսիա եւ Բելգիա: «Նրանք, ում մեզ բարեկամ ենք համարում, աջակցում են ահաբեկիչներին եւ խռովարարներին»,- նշել է Էրդողանը՝ դժգոհելով, որ ԱՄՆ-ը հեղաշրջմանը Հըզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցության ապացույցներ է պահանջում: «Մենք փաստաթղթեր չպահանջեցինք այն ահաբեկիչների վերաբերյալ, որոնց դուք պահանջում էիք հանձնել»,- հայտարարել է նա: