Արվեստաբան Ջեֆրի Համբուրգերը դանդաղ թերթում է կաշեկազմ կրոնական գրքի էջերը, նրա աչքերը գամված են ձեռագրին, որը ներկայացնում է վաղեմի սրբերի կյանքի ժամանակագրությունը: Վարպետությունը տպավորիչ է, պատկերացումը՝ վառ եւ համոզիչ, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ աշխատանքն ավելի քան հազար տարվա պատմություն ունի: Այս մասին The Boston Globe-ում հրապարակված հոդվածում գրում է Բրայան ՄաքՔարրին:
Հարվարդի համալսարանի պրոֆեսորը գիրքը մշակում է մեծագույն հարգանքով. այս ձեռագիրն անգին է՝ նկարազարդված փորձառու գրչի կողմից, հավանաբար, Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Բենեդիկտյան աբբայությունում, 935 թվականից ոչ ուշ:
Շուտով գիրքը ներկայացվելու է Բոստոնում, Միջնադարյան եւ Վերածննդի ժամանակաշրջանի ձեռագրերի ցուցահանդեսում:
Սեպտեմբերին նախանշված ցուցադրությունում 250 ցուցանմուշ է ներկայավելու: Ջեֆրի Համբուրգերի խոսքով՝ այն «ամենահավակնոտն է լինելու Հյուսիսային Ամերիկայում կազմակերպված ձեռագրերի բոլոր ցուցահանդեսներից»:
Ցուցահանդեսն անցկացվելու է Հարվարդի համալսարանի Houghton գրադարանում, Բոստոնի քոլեջի McMullen արվեստի թանգարանում եւ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում: Որոշ ցուցանմուշներ բերվելու են 15 տարբեր հաստատություններից, այդ թվում՝ Boston Athenaeum-ից, Ամերիկայի Հայկական գրադարանից եւ թանգարանից:
Բոստոնի հանրային գրադարանի ասոցիացիայի ղեկավար Վիվիան Սպիրոյի խոսքով՝ ձեռագրերը ցուցադրվելու են հիմնականում այն տեսքով, ինչպես ձեռք են բերվել շուրջ 100 տարի առաջ:




























